Content-Length: 189073 | pFad | http://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A5%D6%80

Տամբեր - Վիքիպեդիա Jump to content

Տամբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տամբեր
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էՊարսկահայք
ՎարչկենտրոնՏամբեր
Հիմնական լեզուասորերեն, հայերեն
Ազգային կազմասորիներ, հայեր
Կրոնական կազմզրադաշտականություն, հայ առաքելական եկեղեցի, ասորական ուղղափառ եկեղեցի

Տամբեր, գավառ Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի[1]։ Վարչական կենտրոնը եղել է համանուն բերդը, որը կարող է համապատասխանել ներկայիս Սալմասի շրջանի Թամար (պարս.՝ تمر) բնակավայրին։ Այլ բնակավայրերից հայտնի է Սուրենապատը[2]։

Տամբեր անվան ստուգաբանությունը հայտնի չէ․ այդ անունն է կրում նաև բերդը, որը հանդիսանում էր գավառի կենտրոնը։ Գավառը հայտնի է եղել նաև որպես «Տամբեթ»։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տամբերը եղել է Պարսկահայքի ինը գավառներից մեկը[3]։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում սահմանակցել է Զարեհավան, հարավում և հարավ-արևելքում՝ Այլի գավառներին։ Հյուսիս-արևելքում Ուրմիո (Կապուտան) լիճն էր, իսկ հարավ-արևմուտքում ընդհանուր սահման ուներ Կորճայք նահանգի Որսիրանք և Փոքր Աղբակ գավառների, ինչպես նաև Վասպուրական նահանգի Գազրիկյան գավառի հետ։

Ունի լեռնային ռելիեֆ, նպաստավոր երկրագործության և այգեգործության համար։ Արևելյան հատվածում ունի դաշտային ռելիեֆ։

Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Ուրմիայի շրջանի (պարս.՝ شهرستان ارومیه) մի մասին, ինչպես նաև մասամբ Սալմասի շրջանին (պարս.՝ شهرستان سلماس

Գավառը Պարսկահայք նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Ավատատիրության հաստատման շրջանում՝ 4-րդ դարի ընթացքում, երբ Մեծ Հայքում ձևավորվում էին բդեշխություններ, Պարսկահայքի կենտրոնական և հարավային գավառները, այդ թվում Տամբերը, ինչպես նաև Հյուսիսային Միջագետքի երեք գավառներ (Նիխորական, Դասն և Մահկերտ տուն), կարճ ժամանակով անցել են Արշակունիների հպատակության Նոր Շիրականի բդեշխության կազմ[4]։ Վերջինս կորցրել է Պարսկահայքի Զարեհավան, Տամբեր և Առնա գավառները, որոնք միացել են Արծրունիների տիրույթներին, և մյուս գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան

Ինչպես գավառը, այնպես էլ Պարսկահայք նահանգի որոշ կենտրոնական և հյուսիսային բոլոր այլ գավառները, շարունակել են մնալ Արծրունիների կալվածքներում՝ Հայկական մարզպանության, ապա նաև՝ Արմինիա կուսակալության ժամանակաշրջանում։ 9-րդ դարի սկզբին կարճ ժամանակով անցնում է Վասպուրականի թագավորությանը, ապա՝ վերջինիս ենթակայության Հերի ամիրայությանը։ Հետագայում դրանում բնակվող զրադաշտականություն դավանող մարերը և մյուս բնակիչները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, իսկ ասորիները մնացել են քրիստոնյա, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։ Գավառում կար նաև սակավաքանակ հայ բնակչություն։

17-րդ դարի սկզբին, կապված Սեֆյան շահ Աբբասի 1603-1604 թվականների բռնագաղթի հետ, գավառում հայտնվում են հայեր, որոնք հիմնում են մի քանի գյուղեր, այդտեղ բնակվում մինչև հայոց ցեղասպանությունը։ Տեղի հայերը խոսել են Ուրմիայի բարբառով։ Դրան զուգահեռ, տեղի է ունեցել քրդերի և ազարիների ներհոսք։ Հայերի արտագաղթն Ուրմիայից տեղի է ունեցել երեք փուլով՝ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում պարսկահայերի ներգաղթով, 1946-1948 թվականների հայրենադարձությամբ և 1979 թվականի իսլամական հեղափոխությունից որոշ ժամանակ անց։ Ներկայումս ամբողջ Ատրպատականում բնակվում է շուրջ 2000 հայ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Ատրպատական, Հասկ, պաշտոնական ամսագիր, հ. 5 (Անթիլիասի կաթողիկոսարան), Անթիլիաս, Լիբանան, 1969, էջ 184-192 — 208 էջ։
  3. Բաբկեն Հարությունյան Մեծ Հայքի Պարսկահայք աշխարհն ըստ «Աշխարհացոյց»-ի (հայերեն) // Պատմա-բանասիրական հանդես. — № 2. — Էջ  26-39. — ISSN 0135-0536.
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 37 — 992 էջ։
  5. Ալիք, Հայերը տնտեսական խնդիրների պատճառով լքում են Իրանը. «Ալիք» օրաթերթի խմբագիր Արխիվացված 2019-05-29 Wayback Machine

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Розалия Габриелян Армения и Атропатена / М.Э. Авакян. — Ереван: Издательство Российской-Армянского (Славянского) университета, 2002. — С. 318. — ISBN 99930-928-3-6
  • Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
  • Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
  • Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
  • Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: http://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A5%D6%80

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy